Ռուդենկոն և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Անդրեյ Ռուդենկո
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրացումը։ Զրուցակիցները մտահոգություն են հայտնել տեղի ունեցած զինված ընդհարումների կապակցությամբ։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի կողմից զսպվածության դրսևորման, բոլոր խնդիրների լուծման հրամայականը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
ՀՀ սահմանին սկսված մարտերը հաջողվել է կանգնեցնել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. Պեսկով
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։