ՌԴ-ում ՀՀ դեսպանը չի բացառում, որ օգնության համար Երևանը կդիմի ՀԱՊԿ-ին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանըհայտնել է, որ չնայած Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը, չի կարելի բացառել, որ Երևանը կարող է դիմել ՀԱՊԿ–ին օգնության համար։ Այս մասին նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին։
«Դժվար է ասել՝ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը, մենք ունենք այն, ինչ ունենք։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է նա պատասխանելով այն հարցին՝ արդյոք Հայաստանը մտադիր է դիմել ՀԱՊԿ-ին օգնության համար, թե իրավիճակի կայունացումից հետո դրա անհրաժեշտությունը վերացել է։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ադրբեջանական ԶՈւ կողմից ՀՀ–ի նկատմամբ իրականացվող ագրեսիայի առթիվ քրեական գործ է հարուցվել
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել: Ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։