ՄԽ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. որտե՞ղ են համանախագահները

Հայ զինծառայողներ
Ռուսաստանը կարծում է, որ համանախագահները պետք է շուտափույթ այցելեն տարածաշրջան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, և հիմա նրանք Վիեննայում են ընթացիկ իրադրությունը քննարկելու համար: Այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Համանախագահները մտահոգված են սահմանային վերջին միջադեպերով, համանախագահները շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը», - ասել է նա:
Զախարովան հիշեցրել Է նոյեմբերի 10-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ու համանախագահների հանդիպումը և շեշտել, որ Մոսկվան կարևոր է համարում համանախագահների՝ տարածաշրջան շուտափույթ այց կազմակերպելու կարևորությունը։
Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին. Զախարովա
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 13 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին, ժամը 18։30–ից ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։