Մհեր Արմենիան հացադուլը դադարեցրել է և մեկնում է Սյունիք

Երգիչը գնացել է ՀՀ կառավարություն, որպեսզի շտապ հանդիպի վարչապետի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար, երգիչ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) հացադուլը դադարեցրել է և մեկնել Սյունիք։ Նա այդ մասին հայտնել է Facebook–ի իր էջում։

«Փաստացի վտանգված է հայ-ադրբեջանական սահմանը, հատկապես Սյունիքը։ Եվ քանի որ մենք չենք վստահում պաշտոնական տեղեկատվությանը, մասնավորապես հակառակորդի գործունեության հետևանքով ստեղծված իրավիճակի մասով, որոշում եմ կայացրել մեկնել Սյունիք և ինքս տեղեկանալ այնտեղ տիրող իրավիճակին»,–գրել է երգիչը։

Բացի այդ, նա հայտնում է, որ այսօր գնացել է ՀՀ կառավարություն և դիմել, որպեսզի շտապ հանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այժմ սպասում է պատասխանի։ Վարչապետին դիմել է որպես ոչ միայն ՀՀ քաղաքացի, այլ նաև որպես ՀՀ վաստակավոր արտիստ և արտախորհրդարանական քաղաքական ուժի ղեկավար։
Նա հիշեցնում է, որ իր պահանջը մնում է նույնը` վարչապետը պետք է հրաժարական տա, պետք է լինի նոր իշխանություն։
Հիշեցնենք` Մհեր Արմենիան նոյեմբերի 10-ին էր հայտարարել, որ հացադուլ է անում Մատենադարանի տարածքում։
Նշենք, որ «Ազգի ձայնը» հիմնվել է 2021 թվականի ապրիլին։
Երբեք չէի պատկերացնի, որ ծննդյանս տարեդարձին կլինեմ հացադուլի մեջ. Մհեր Արմենիա