Հայաստանում կորոնավիրուսի պատճառով մեքենաների հետ կապված գործարքներ չէին կատարվում, սահմանափակումների պատճառով ներկրվող մեքենաների մուտքը մեր երկիր զգալիորեն կրճատվել էր, իսկ հիմա հարևան երկրից ու հատկապես Ղազախստանից պոտենցիալ գնորդները կրկին գալիս են Հայաստան, ինչի շնորհիվ ակտիվացել է մեքենաների առևտուրը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը։
«Տարիներ առաջ Հայաստան ներկրված մեքենաները նույնպես շուկայում են։ Կան մարդիկ, ովքեր 10-20 մեքենա էին ներկրել պատերազմից ու համավարակից առաջ, բայց շուտ չէին կարողանում վաճառել։ Հիմա նորից ակտիվացել են, առավել ևս, որ արտասահմանից պահանջարկ կա։ Նախկինում գները մի փոքր նվազել էին, ներքին շուկան աչքի էր ընկնում էժանությամբ, բաց հիմա վաճառքի գները կայունացել են և հասել այն մակարդակին, որով ի սկզբանե նախատեսվում էր վաճառքը»,–ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարը։
Քեյանի խոսքով` օրենսդրական սահմանափակումները հիմնականում ազդել են այն մեքենաների վրա, որոնց տարիքն անհամեմատ բարձր է։
Ըստ նրա` վերջին շրջանում Հայաստան ներկրվում էին մեծ քանակի ճապոնական մեքենաներ, որոնց մի մասը վնասված էր, իսկ ամենաթարմ մեքենաներից շատերն ունեին աջ ղեկ, և հիմա ներկրողներն ուշադրություն են դարձնում այդ հանգամանքների վրա, առավել ևս, որ մաքսատուրքի փոփոխությունն էլ մեծ չէ և կազմում է հինգ տոկոս։
Նշենք, որ Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է 75 մլրդ 557 մլն 100 դրամ։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 2.3 տոկոսով ավելացել է, այսինքն՝ մեր երկրում ավտոմեքենաների առևտուրն ակտիվացել է: