ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Այս մասին նշված է ԱԳՆ–ի մամուլի քարտուղարն պարզաբանման մեջ՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերին՝ կդիմի՞ ՀՀ-ն ՌԴ–ին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
«Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը: Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»,– ասված է ԱԳՆ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ։
Նա նաև հիշեցնում է, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին:
«Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»,– նշում է ԱԳՆ–ն։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հանգամանորեն ներկայացրել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները: Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարևորել էր հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: Վերահաստատվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների նկատմամբ հայկական կողմի հավատարմությունը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն էլ հայտնել էր, որ Հայաստանը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է իրավիճակի մասին։ Մարգարյանը խորը մտահոգություն է հայտնել բաց քննարկումների ընթացքում, և Հայաստանի անունից միջազգային հանրությանը կոչ արել պատշաճ կերպով արձագանքել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։