Հայաստանը չի կարող անցնել պրոֆեսիոնալ բանակի, քանի որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ բավականին հաճախ իրավիճակ է փոխվում։ Բացի այդ, մեզ այնպիսի հարևաններ են բաժին ընկել, որոնք ամեն րոպե կարող են ռազմական նոր էսկալացիա հրահրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։
«Մենք ունեցել և ունենալու ենք մասսայական զորակոչի խնդիր, ունենալու ենք կարիք, որ բնակչության մեծ մասն ունենա որոշակի զինվորական պատրաստություն, տիրապետի այս կամ այն զինվորական մասնագիտությանը։ Հուսալ, որ ինչ-որ ուժ կարող է բավարարել մեր ռազմական կարիքները` անընդհատ փոփոխվող աշխարհում, ճիշտ ճանապարհը չէ»,- ասաց նա։
Քերոբյանի կարծիքով` բանակային բարեփոխումները պետք է լինեն հրապարակային և իրականացվեն ազգ-բանակ ընդհանուր հայեցակարգի շրջանակում, ներառեն պահեստազորը, աշխարհազորը։
«Յուրաքանչյուր հայ և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներգրավված լինի պաշտպանության և պաշտպանունակության բարձրացման գործում և դա հնարավոր չէ անել միայն կանոնավոր ԶՈւ կազմում ինչ-որ կառուցվածքային փոփոխություններ, տեխնիկական համալրում և սահմանափակ քանակի միջոցառումներ իրականացնել»,- նշեց նա։
Պաշտպանության նախարարների հաճախակի փոփոխություններն, ըստ Քերոբյանի, լիովին տեղավորվում են կառավարության ղեկավարի իրավասությունների ու լիազորությունների տիրույթում ։ Նրա խոսքով` վարչապետն ինքն է որոշում` ում ներգրավի կամ փոխարինի իր թիմում, բայց արձանագրում է, որ ցանկացած ոլորտում հաճախակի ռոտացիաները բերում են նախկինում մեկնարկած ծրագրերի դանդաղ իրագործման կամ չեղարկման, իսկ ռեսուրսները արդյունավետ չեն կառավարվում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15–ին, վարչապետ Փաշինյանի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանին։ Նրա փոխարեն նախարար նշանակվեց նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։