ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Օրթոպեդ-վնասվածքաբան Մաքսիմ Գոնչարովը Sputnik ռադիոկայանի հետ զրույցում խոսել է մեջքի` ոչ ակնհայտ պատճառներով առաջացած ցավերի մասին։
Նրա խոսքով` երբեմն շատ դժվար է ախտորոշել մեջքի ցավերի պատճառները, քանի որ դրանք կարող են պայմանավորված լինել մի շարք գործոններով։ Օրինակ` դիսկոմֆորտ կարող է առաջանալ նևրոզի պատճառով, բայց հատուկ սարքերի օգնությամբ հնարավոր չէ բացահայտել, քանի որ դա հոգեթերապևտիկ խնդիր է։
Մեջքի ցավերի տարածված պատճառ է նաև հարթաթաթությունը։ Այդ հիվանդության դեպքում ծանրության կենտրոնը տեղափոխվում է ողնաշարի գոտկային հատված։
«Ցանկացած տարիքում մարդիկ սկսում են ցավ զգալ, երբ երկար ժամանակ կանգնած են մնում։ Ձախ կամ աջ հատվածում որևէ լոկալ արտահայտում չի լինում։ Տվյալ դեպքում ցավն առաջանում է ողնաշարի գոտկային հատվածում», – հավելել է Գոնչարովը։
Սակայն մեջքի ցավերի ամենահաճախ հանդիպող պատճառը օստեոխոնդրոզն է։ Այս հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը (մոտավորապես 50 տարեկան) հասնում է 70%–ի։ Հիվանդության զարգացումը հնարավոր է կանգնեցնել մարզական քայլքի և հեծանվավազքի համար նախատեսված սարքով մարզվելու միջոցով։