ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը կարգավորելու գործում, իսկ իրադրության կայունացման հնարավոր է հասնել միայն Ղարաբաղի վերաբերյալ ընդհանուր պայմանավորվածությունները կատարելու ճանապարհով: Այսօր լրագրողներին է ասել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը շարունակելու է դա անել (միջնորդել բանակցություններում)։ Մեր կարծիքով` իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է։ Բոլոր երկրները պետք է առաջին հերթին հետևեն իրենց ստանձնած պարտավորություններին, և դա կլինի նման միջադեպերի չվերսկսման գրավականը», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերի վերսկսումը լուրջ անհանգստության առիթ է դարձել Կրեմլում, սակայն Մոսկվայի միջնորդությունը թույլ է տվել դադարեցնել դրանք:
«Դուք գիտեք, որ առաջին հերթին, իհարկե, ակտիվ ջանքեր գործադրեց նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ նպատակով երեկ տեղի ունեցավ նրա զրույցը ՀՀ վարչապետի հետ։ Ռազմական գործողությունների վերսկսումը երեկ լուրջ մտահոգության առիթ էր դարձել։ Բայց միջնորդական ջանքերի շնորհիվ ռուսական կողմին հաջողվեց զսպվածության կոչ անել հակամարտող կողմերին», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։