ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է իր գործընկերներին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ն` հավելելով, որ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։
Միրզոյանը նշել է, որ այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները և ագրեսիվ հռետորաբանությունը։ Բացի այդ, նա հիշեցրել է ընթացիկ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ:
Միրզոյանը շեշտել է, որ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի ու կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները հերթական ագրեսիա են ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
«Նա ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական արձագանքի և հետևողական գործողությունների իրականացման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ բացահայտ ոտնձգություններն ու սադրիչ գործողությունները զսպելու համար»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան շուտափույթ այցելության իրականացումը:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց։
Նոյեմբերի 16–ին` ժ. 18։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։
Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։