«Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ գործուղվել են Սյունիք. դաշինքի հայտարարությունը

Նշվում է, որ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից ու նրանց միակ նպատակը ցանկացած գնով, այդ թվում շարունակական զիջումներով իշխանության մնալն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 17-ին նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ` Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումներ ունենալու համար։
«Խմբակցության պատգամավորների մի խումբ գործուղվել է Սյունիք, մյուսը միջազգային գործընկերներին է ներկայացնում իրավիճակը: Ծայրահեղ անհանգստացնող է Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի հանցագործության նոր ալիքը, միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը, այս ձախողված իշխանության դիմադրելու անկարողությունը»,– հայտնել են դաշինքից:
Նրանք շեշտել են, որ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից ու նրանց միակ օրակարգն ու նպատակը ցանկացած գնով, այդ թվում շարունակական զիջումներով իշխանության մնալն է:
Ի՞նչ է նշանակում գերի ընկնել. Փաշինյանը վստահեցնում է` հնարավոր չէ չկրակելու հրաման տրվի
«Մեր նպատակն է նրանց հեռանալը, ինքնիշխանության երաշխավորումը: Մեր որոշումը` այս շաբաթվա նիստերին չմասնակցելու մասով, անփոփոխ է»,– ընդգծել են «Հայաստան» դաշինքից:
Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններն այսօր բոյկոտել էին ԱԺ նիստը` հայ–ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակը արտահերթ նիստում քննարկելու իրենց նախաձեռնությունը մերժելու պատճառաբանությամբ։
Նոյեմբերի 16-ին «Հայաստան» դաշինքը հայտարարությամբ էր հանդես եկել և հայտնել, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու նոր կառավարության ձևավորումը։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։