ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ բացահայտ խոսել են Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, Հայաստանի սահմանները խախտելու ու հայ ռազմագերիների մասին։
«Մենք լրջորեն անհանգստացած ենք երեկվա ծանր մարտերով, որոնք հետևել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության վերջին աճին։ Ադրբեջանի կողմից ենթադրյալ սադրանքներին ի պատասխան ձեռնարկած ռազմական գործողությունը համարվում է անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի ամենավատ խախտումը մինչ օրս՝ թողնելով դեռևս չհաստատված թվով սպանված, վիրավոր և գերի ընկած զինվորներ»,– ասված է հայտարարության մեջ։
Դրա հեղինակները դատապարտում են ապօրինի սահմաններ դնելու ցանկացած փորձ, ինչպիսին արձանագրվել է մայիսի 12-ից հետո` ադրբեջանական զորքերի հայկական տարածք ներխուժումից ի վեր։
«Մենք աջակցում և կոչ ենք անում բացել տնտեսական ու տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությամբ, ինչը մեծապես շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Սա ներառում է կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնագրի տեքստին և խուսափեն չափազանց ծավալուն մեկնաբանությունից»,– նշում են հայտարարության հեղինակները։
Այդուհանդերձ, նրանք նաև անհանգստություն են հայտնում հայկական քաղաքների ու գյուղերի հետ կապ ապահովող ճանապարհներին ադրբեջանական կողմի առաջացրած խոչընդոտների վերաբերյալ` հավելելով, որ նման վարքագիծը հակասում է եռակողմ հայտարարության ոգուն և անտեղի խոչընդոտում է տեղի քաղաքացիների կյանքը:
ԵԽ ներկայացուցիչները նաև մտահոգություն են հայտնում գերիների վերադարձի վերաբերյալ` փաստելով, որ բազմաթիվ հայ գերիներ դեռ պետք է ազատ արձակվեն։
«Մենք վերահաստատում ենք մեր դիմումը Ադրբեջանի իշխանություններին այս հարցով»,– նշում են նրանք` միաժամանակ հայկական կողմին էլ կոչ անելով փոխանակել ականապատ տարածքների քարտեզները, որպեսզի խաղաղ բնակիչները վերադառնան նախկին հակամարտությունների շրջաններ։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 13 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին, ժամը 18։30–ից ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։