Դիվանագիտական հարաբերություն կա, դեսպան` ոչ. ո՞ր երկրներում է թափուր Հայաստանի աթոռը

Նոյեմբերի 12–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նոր դեսպաններ էին նշանակվել Գերմանիայում ու Իսպանիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Պարզվում է` Հայաստանը դեսպաններ չունի մի շարք երկրներում, որոնց հետ ունի դիվանագիտական հարաբերություններ։
«Հրապարակ» օրաթերթը հարցում է արել ԱԳՆ, թե որ երկրներում Հայաստանն այս պահին չունի նշանակված դեսպան։

«Դեսպաններ նշանակված չեն հետևյալ դիվանագիտական ծառայության մարմիններում՝ Ղազախստանում, Ինդոնեզիայի Հանրապետությունում, Իսրայելի Պետությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքի Հանրապետությունում և Եվրոպայի խորհրդի ՀՀ մշտական ներկայացուցչությունում»,– ի պատասխան թերթի հարցման հայտնել են նախարարությունից։

Հիշեցնենք` նոյեմբերի 12–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր էր ստորագրել` Վլադիմիր Կարմիրշալյանը հետ է կանչվել Իսպանիայում և Անդորրայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, իսկ Աշոտ Սմբատյանը` Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
ՀՀ-ն Իսպանիայում և Գերմանիայում նոր դեսպաններ կունենա․ նախագահը հրամանագրեր է ստորագրել
Այլ հրամանագրերով Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վիկտոր Ենգիբարյանը, Իսպանիայում` Սոս Ավետիսյանը։ Երկուսն էլ «Իմ քայլի» նախկին պատգամավորներ են։