ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվա կատարած այցի ընթացքում հնարավոր է՝ առանձին հանդիպում ունենա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, այդպիսի հնարավորությունը չի բացառվում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Արմեն Գրիգորյանը մասնակցում է ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարներին հանդիպմանը։
«Մենք չենք բացառում։ Ժամանակացույցը ճշտվում է։ Բայց, իհարկե, ենթադրվում է՝ քանի որ քարտուղարների ընդհանուր հանդիպում է, կարծում եմ, որ այդ շրջանակներում տարբեր հանդիպումներ են հնարարավոր։ Մանրամասները դեռ ճշտում ենք»,-ասել է դեսպանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հանգամանորեն ներկայացրել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները: Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարևորել էր հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: Վերահաստատվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների նկատմամբ հայկական կողմի հավատարմությունը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն էլ հայտնել էր, որ Հայաստանը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է իրավիճակի մասին։ Մարգարյանը խորը մտահոգություն է հայտնել բաց քննարկումների ընթացքում, և Հայաստանի անունից միջազգային հանրությանը կոչ արել պատշաճ կերպով արձագանքել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։