Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը

Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը
Գրիգորյանն ու Պատրուշևն անդրադարձել են նաև ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարների 9-րդ հանդիպման օրակարգին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների ղեկավարներ Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևն այսօր Մոսկվայում տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Նիկոլայ Պատրուշևն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ հանդիպման օրակարգի թեմաները», - ասված է հաղորդագրության մեջ:
ԵԽ Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 13 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին, ժամը 18։30–ից ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։