Ադրբեջանի քայլն ուղղված է ՀՀ տարածքային ամբողջականությանը. Գրիգորյանը` ԱՊՀ ԱԽՔ հանդիպմանը

Արմեն Գրիգորյան. Արխիվային լուսանկար
ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են Աֆղանստանի տարածքից եկող վտանգները, հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը, հայտնում է ԱԽՔ մամուլի ծառայությունը:
Իր ելույթում Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Մոսկվան կոչ է անում Երևանին ու Բաքվին զուսպ լինել․ ՌԴ ԱԳՆ
«Ադրբեջանը ոչ միայն չի պահպանում հրադադարի ռեժիմը, այլև չի կատարում վերոնշյալ համաձայնությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները: Իսկ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները Հայաստանը դիտարկում է քայլ՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականությանը»,–ասել է ԱԽ քարտուղարը:
Նա ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորման գործընթացին և պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, սակայն սրա հետ մեկտեղ իր սահմաններից վճռականորեն հետ է մղելու ցանկացած ռազմական ագրեսիա:
Եթե նույնիսկ հակառուսական հիստերիա կա, դրա հեղինակն իշխող մեծամասնությունը չէ. Փաշինյան
Խոսելով հաղորդակցման ուղիների ապաշրջափակման մասին` Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս փոխվարչապետների մակարդակով կազմավորված ձևաչափին և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռքբերված համաձայնությունները անխափան իրականացնելու համար:
Հանդիպման ընթացքում մատնանշվել և քննարկվել են Աֆղանստանի տարածքից եկող վտանգները, ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությունը միգրացիայի և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև բիոտեխնոլոգիայի զարգացման արդյունքում առաջ եկած անվտանգության հիմնահարցերը:
ԱՊՀ մասնակից պետությունները իրենց պատրաստակամությունն են հայտնել հետագայում ընդլայնելու համագործակցության շրջանակը: