ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` փոխվարչապետի պաշտոնում Սուրեն Պապիկյանին առաջիկայում կփոխարինի Կոտայքի նախկին մարզպետ, շրջակա միջավայրի գործող նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 15–ին, վարչապետ Փաշինյանի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանին։ Նրա փոխարեն նախարար նշանակվեց նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Նա նաև կիրականացնի Պապիկյանի «լևի» գործառույթներից մեկը՝ իր ազդեցության տակ կվերցնի ՏԻՄ-երը»,– գրում է թերթը` հավելելով, որ թեև, ի պաշտոնե Գնել Սանոսյանն է ոլորտի պատասխանատուն, սակայն, կառավարության աղբյուրների պնդմամբ, Սանոսյանն անմռունչ չի կատարում քաղաքական բոլոր հրահանգները, այդ պատճառով էլ Պապիկյանին էր հանձնարարված գլուխ բերել ՏԻՄ ընտրությունները։
Թերթը, սակայն, հիշեցնում է, որ ինչպես ժամանակին Ավինյանը, այնպես էլ Պապիկյանն այդ առաքելությունը գլուխ չբերեց, և ՔՊ–ն Սյունիքի ինչպես Գորիս, այնպես էլ Կապան համայնքներում պարտություն կրեց։
Նշենք, որ նոյեմբերի 14–ին Կապան համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն կրեց։ Հաղթեց «Շանթ» դաշինքը, որը գլխավորում է Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փանոսյանը։