Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը սփյուռքում խորհրդական-հանձնակատարներ կունենա

Զարեհ Սինանյան. Արխիվային լուսանկար
Սինանյանի ներկայացրած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 62 կողմ ձայներով` միաձայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է ստեղծել Սփյուռքի գործերով հանձնակատարների ինստիտուտ։
«Հանրային ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նրա մեկնաբանմամբ` Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարից բացի սփյուռքի տարբեր գաղթօջախներում նախատեսվում է ունենալ հանձնակատարներ, որոնք կաջակցեն Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, տարբեր ծրագրերի իրականացմանը։
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ է Թուրքիան փորձում սեպ խրել Հայաստանի ու սփյուռքի միջև
«Սփյուռքի գործերով հանձնակատարները նշանակվում են հասարակական հիմունքներով, խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ»,– ասաց Սինանյանը։
Գլխավոր հանձնակատարը նաև պարզաբանեց, որ հանձնակատարները նշանակվելու են Հայաստանից։
Սինանյանի ներկայացրած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 62 կողմ ձայներով` միաձայն։ Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկատարվի հատուկ ընթացակարգով` 24-ժամվա ընթացքում։