ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների արդյունքում դադարեցրել են երկու երկրների սահմանին մեկնարկած մարտական բախումները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների` Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցներում կոչ էր արել դադարեցնել իրավիճակի սրմանն ուղղված գործողությունները։
«Հեռախոսային բանակցությունների արդյունքում ադրբեջանական և հայկական կողմերը միջոցներ են ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։ Այժմ Քիլիսալի լեռան շրջանում մարտական բախումները դադարեցված են, իրադրությունը կարգավորվել է և գտնվում է հսկողության տակ», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել: Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։