Պետք է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի գործողությունների դեմ. ԱԳՆ–ն դիմել է ՌԴ–ին ու ՀԱՊԿ–ին

ՀՀ արտգործնախարարություն
ՀՀ ԱԳՆ–ն հորդորում է գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բերելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբեի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչով դիմել է միջազգային հանրությանն ու միջազգային գործընկերներին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն է տարածել։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մեր միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ»,– նշված է հայտարարության մեջ

Ըստ ԱԳՆ–ի` Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով հետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը։
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ 2 ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչպես նաև մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ։
Hraparak.am-ի տեղեկություններով` ադրբեջանցիները 6 հայ զինվորական են գերեվարել։
Ըստ պաշտոնական տեղեկությունների` հայկական կողմը 4 վիրավոր ունի։