Պետք է անհապաղ դադարեցնել էսկալացիան. Անն Լինդեն` ՀՀ–Ադրբեջան սահմանի իրավիճակի մասին

ԵԱՀԿ գործող նախագահը շեշտել է, որ կիսում է Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը՝ կապված Հայաստան-Ադրբեջան սահմանի միջադեպերի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին, որոնք հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում` անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին։
Պետք է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի գործողությունների դեմ. ԱԳՆ–ն դիմել է ՌԴ–ին ու ՀԱՊԿ–ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը, ՌԴ-ից Իգոր Խովաևը և Ֆրանսիայից Բրիս Ռոքֆեյը հանդես են եկել հայտարարությամբ, որով Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել «կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար»։

«Կիսում եմ Մինսկի խմբի համանախագահների խորը մտահոգությունը՝ կապված տարածաշրջանում, այդ թվում և Հայաստան-Ադրբեջան սահմանի միջադեպերի հետ: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց ջանքերին ու կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել էսկալացիան ու քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման նպատակով»,- գրել է Լինդեն:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ակնհայտ սադրանքների դեպքում թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերին կոչեր անելու միջազգային գործելակերպը համազոր է անտարբերության և հանձնառության բացակայության։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հայկական կողմն ունի զոհեր (տվյալները ճշտվում են) և 4 վիրավոր։ Կորցրել ենք մարտական 2 դիրք։