ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Փարիզը մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանագոտու իրադրության սրացմամբ։ Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել։
«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշ հատվածներում իրավիճակի վատթարացմամբ և ծանր սպառազինության ենթադրյալ կիրառմամբ, որը բազմաթիվ զոհերի է հանգեցրել, հատկապես հայկական կողմից, – ասվում է հայտարարության մեջ։ – Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով»։
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։