ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Զորքերին միայն մեկ հրահանգ պետք է տրվի` պահել այն գիծը, որտեղ կանգնած են։ Իսկ այսպես` առանց կրակոցի հանձնվելը նշանակում է` ցուցում է տրված չկրակել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով 4 դիրքերից մեր զինվորների դուրս գալուն։
«Այն, որ 4 դիրքեր հայտնվել են հակառակորդի դիտարկման ներքո, դա փաստում է, որ զորքերին ցուցում չի տրված` ինչպես գործել և անհրաժեշտության դեպքում թույլ չտալ, որ հակառակորդը մխրճվի մեր բանակ։ Այսինքն` ցանկացած տարածք կարող են մտնել ադրբեջանցիները»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` այս դեպքում պետք է քրեական գործ հարուցվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Օհանյանը շեշտեց` եթե 2 կողմերին հրահանգ է տրված չկրակել, ապա բոլոր անցքերը պետք է փակել, որ ներխուժումներ չլինեն։
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չպետք է դիմի ՀԱՊԿ–ին` Օհանյանը պատասխանեց, որ այո, պետք է դիմի։ Օհանյանը նշեց` իրավիճակում, երբ հակառակորդը մխրճված է մեր սահմաններ, իշխանությունն այդ գործիքակազմը պետք է կիրառի` դիմելով ՀԱՊԿ–ին, որպեսզի ազդեն Ադրբեջանի վրա զորքերը հետ քաշելու համար։
Նշենք, որ նոյեմբերի 14–ին, ՊՆ–ն հայտնել էր` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Արդեն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։
Միաժամանակ, ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը։
Սակայն նոյեմբերի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նշանակեց ՀՀ արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։
Ապա վարաչպետի գլխավորությամբ Անվտանգության խորհդի նիստ տեղի ունեցավ, որի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք։