ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում Բաքվին ու Երևանին

ՄԱԿ-ի դրոշը Հաագայի Խաղաղության պալատի տարածքում. Արխիվային լուսանկար
Միավորված ազգերի կազմակերպությունը կողմերին հորդորում է գործել եռակողմ հայտարարությունների համաձայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Մենք հիմա որոշակի տեղեկություններ ենք ստանում, հետևում ենք վերջին բռնկման վերաբերյալ հաղորդագրություններին։ Եվ մենք պետք է ստուգենք դրանք»,– ասել է նա։
ՄԱԿ-ը կողմերին հորդորում է գործել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն, բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։
«Մենք ցանկանում ենք խուսափել էսկալացիայից, որը մենք տեսել ենք ավելի վաղ»,-հավելել է Հաքը:
Փարիզը Բաքվին և Երևանին հորդորում է պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրանսիայի ԱԳՆ
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։