ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչությունից հիշեցնում են, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈu ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։
Նշվում է, որ նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։