Իրավիճակը չափազանց լուրջ է, Երևանը դեռ պաշտոնապես չի դիմել Մոսկվային. ՌԴ–ում ՀՀ դեսպան

Վարդան Տողանյան
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը խոսել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը չափազանց լուրջ է։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Զորքերը ներխուժել են սուվերեն տարածք, մարտեր են ընթանում հարավարևելյան սահմանի ողջ երկայնքով, կան զոհեր, կիրառվում է զրահատեխնիկա, հրետանի», - ասել է դեսպանը:
Նրա խոսքով՝ այս փուլում Հայաստանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ռազմական և դիվանագիտական խողովակներով։
«Մենք տեղեկացրել ենք մեր գործընկերներին։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարություն է արել, շփումն ընթանում է, սակայն պաշտոնական դիմում (օգնության մասին - խմբ.) դեռ չի եղել։ Եղել է միայն բանավոր դիմում, առայժմ գործընթացը շարունակվում է»,– նշել է Տողանյանը։
Պետք է անհապաղ դադարեցնել էսկալացիան. Անն Լինդեն` ՀՀ–Ադրբեջան սահմանի իրավիճակի մասին
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Կորցրել ենք մարտական 2 դիրք։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։