ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Իրանի համար անընդունելի է աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն կամ սահմանի փոփոխում Հարավային Կովկասում։
Այս մասին ԻԻՀ–ի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ ԻԻՀ–ի ղեկավարի խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հայտնել էր նաև Կրեմլի մամուլի ծառայությունը։
Իրանական աղբյուրի համաձայն` Ռաիսին ողջունել է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Ռուսաստանի նախաձեռնությունները։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ աշխարհաքաղաքականության կամ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն Թեհրանի համար ընդունելի լինել չեն կարող։
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն, ապա տեղային մարտեր են սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել։ Նշվում է նաև, որ հայկական կողմից կան զոհեր ու վիրավորներ, գերեվարվել է 12 զինծառայող։