ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ավարտվել է ռազմական դրության պայմաններում ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այլ անձանց հետ հանցակցությամբ չարաշահումներ կատարելու դեպքերով հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը։
Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից` ըստ քրեական գործի նյութերի ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություն:
Մասնավորապես` Հ.Դ-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառք` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրից հեռանալու, ՊՆ աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար։ Այս ամենի արդյունքում խախտվել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը:
Բացի այդ, հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կոչումով գնդապետ պաշտոնյան 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության հայեցողության տակ գտնվող 3.680.000 ՀՀ դրամ արժողությամբ պատկանող ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը:
Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում և 2021 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազություն՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է: