ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Այս պահին ադրբեջանական զինուժը կիրառում է հրետանի և ակտիվորեն հրետակոծում ՀԱՊԿ անդամ երկրի՝ Սյունիքի մարզի սահմանային դիրքերը։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը։
«Մենք մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ողջ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների վրա։
Համոզված ենք, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, տարածաշրջանային անվտանգության և կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին»,– հայտարարեց պատգամավորը` միաժամանակ ընդգծելով ՀՀ իշխանությունների և ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։
Իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթում շեշտեց, որ ժամանակն է, որ միջազգային գործընկերներն ու կառույցները Ադրբեջանին ու Հայաստանին ուղղված իրենց հայտարարություններում ու կոչերում «լղոզված տեքստերի փոխարեն» հասցեական լինեն։
«ՀՀ քաղաքացիներն, այո՛, ակնկալում են, որ ՀԱՊԿ–ը և ՀԱՊԿ անդամ երկրները աներկբա, միանշանակ ու հնարավորինս շուտ, պայմանագրով նախատեսված մեխանիզմներով վերջապես գործարկեն աջակցության մեխանիզմները Հայաստանում»,– ասաց նա։
Հիշեցնենք` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ նիստում ևս հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ՀԱՊԿ–ին կոչ էր արել ՀՀ դիտորդական առաքելություն ուղարկել ՀՀ։ Նա նաև հիշեցրել էր, որ 2021թ–ի մայիսի 12-ից հետո ՀՀ–ը դիմել էր ՀԱՊԿ–ին հայ–ադրբեջանական սահմանին մոնիթորինգ անելու առաջարկով, բայց մինչ օրս դա կյանքի չի կոչվել։