ՀՀ արևելյան սահմանագոտում իրադրությունը ծայրահեղ լարված է. ՊՆ

Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ 2 ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչպես նաև մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ։
Hraparak.am-ի տեղեկություններով` ադրբեջանցիները 6 հայ զինվորական են գերեվարել։