Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման գործընթացը. ԱԽ քարտուղարը` Լին Թրեյսիին

Արմեն Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի` զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ–ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։

«ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները հարված են` ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի` զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը: ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը, սակայն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ առնչություն չունի:
Նշենք, որ Գրիգորյանը հանդիպել է նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Իրավիճակը չափազանց լուրջ է, Երևանը դեռ պաշտոնապես չի դիմել Մոսկվային. ՌԴ–ում ՀՀ դեսպան
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։
Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը սկզբում հայտնեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, մարտերի արդյունքում զոհեր և վիրավորներ ունենք, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը ՀՀ ԶՈւ 12 զինծառայողի է գերեվարել։ Նրանցից 7-ը պայմանագրային են, 5–ը` ժամկետային։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։