Հայաստանը կոչով դիմում է Ռուսաստանին. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանի խոսքով` սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Քանի որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Հանրային հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն է արել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։ Մենք ակնկալում ենք, որ ՌԴ–ն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք Հայաստանի ամբողջականությունը վերականգնելու»,– ասել է նա։

Հայաստանը կարծում է, որ առաջնահերթ ՌԴ եւ ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել:
«Բայց եթե մենք չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմել, այսինքն՝ միջազգային այլ գործընկերների։ Բայց մենք առաջնային ենք համարում գործարկել պայմանագրային պարտավորություններով օժտված մեխանիզմները»,– ավելացրել է Գրիգորյանը։
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ 2 ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչպես նաև մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ։
Hraparak.am-ի տեղեկություններով` ադրբեջանցիները 6 հայ զինվորական են գերեվարել։