ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Նախորդ տարի պատերազմում մեր պարտությունը շարունակական բնույթ է կրում, քանի որ կորցրինք Գորիս–Կապան և Կապան –Ճակատեն ճանապարհը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Ունենք այլընտրանքային ճանապարհ` H-46-ը, որը Տաթևով Գորիսը կապում է Կապանի հետ, սակայն այդ ճանապարհը խնդրահարույց է։ Այդ նախագիծն արվել է բազմաթիվ սխալներով` արդեն ունենք խոշոր խցանումներ, և դեռ ձյուն չի եկել, մառախուղ չկա»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` Ճակատեն տանող ճանապարհը կորցնելով` Սարաշեն, Ճակատեն, Շիկահող և Վերին հանդ գյուղերի 600 բնակիչները բարդ կացության մեջ են հայտնվել։ Եթե նախկինում 10 կիլոմետր էին հատում և Կապան հասնում, ապա հիմա Մեղրիով, Քաջարանով 150 կիլոմետր շրջանց կատարելով պետք է Կապան հասնեն։
Հակոբյանը հետաքրքրվում է` ի՞նչ է անում կառավարությունն այս ամենի ֆոնին` պաշտպանության նախարար է փոխում։
«Ինչո՞ւ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին հեռացրին պաշտոնից, որ պատշաճ դիմադրությո՞ւն չէր իրականացնում, թե հակառակը։ Ինչո՞ւ հանրությունըչգիտի նախարարի` պաշտոնիցազատման պատճառների մասին, և ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանը ՊՆ–ի հետ»,–ասաց Հակոբյանը։
Նա հավելեց` այս իշխանության օրոք կորուստները շարունակվելու են` ընդհուպ պետականության կորուստ։
Նշենք, որ նոյեմբերի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նշանակեց ՀՀ արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ–ն էլ հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից ադրբեջանական կողմն անցակետ կտեղակայի սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։