ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԵԿՄ բոլոր բաժանմունքներում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն։ Տեղեկությունը հայտնում է Երկրապահ կամավորականների միության վարչությունը։
«Ելնելով մեր երկրի սահմաններում այս պահին տիրող իրավիճակից ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրամանով ժամը 13:00-ից հանրապետության ԵԿՄ մարզային և տարածքային բոլոր բաժանմունքներում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն»,– նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։