ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով»,–ասվում է ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
Նշենք, որ նոյեմբերի 14–ին ՊՆ–ն հայտնել էր` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Արդեն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։
Միաժամանակ ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը։
Նոյեմբերի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նշանակեց ՀՀ արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։
Ապա վարչապետի գլխավորությամբ Անվտանգության խորհդի նիստ տեղի ունեցավ, որի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք։
Ավելի ուշ ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ հայկական ուժերը դուրս են բերվել 4 մարտական հենակետերից։