ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Պենտագոնն Ուկրաինա է ուղարկել ռազմական օգնության հերթական խմբաքանակը` հարձակողական սպառազինություն ու զինամթերք։ Տեղեկությունը հայտնում է rg.ru–ն։
Սպառազինությունը մատակարարվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ու նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի պայմանավորվածության համաձայն, որը ձեռք է բերվել Ուկրաինայի նախագահի՝ Վաշինգտոն կատարած սեպտեմբերյան այցի ընթացքում: Ամերիկյան պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը ներկայացրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։
«Այսօր Ուկրաինան Միացյալ Նահանգներից մոտ 80 հազար կգ զինամթերք է ստացել։ Դա ԱՄՆ-ի կողմից 60 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնության շրջանակում արված չորրորդ մատակարարումն է, որը նախագահ Բայդենը Ուկրաինա է ուղարկել ցույց տալու համար ԱՄՆ-ի հավատարմությունը կայուն, ժողովրդավարական և ազատ Ուկրաինայի հաջողությանը», - հայտնել է դեսպանատունը:
Միևնույն ժամանակ դիվանագետները հիշեցրել են, որ 2014 թվականից ի վեր Ուկրաինան արդեն ավելի քան 2,5 մլրդ դոլարի օգնություն է ստացել:
Նշենք, որ ԱՄՆ ռազմական տրանսպորտային ինքնաթիռները Կիևում վայրէջք էին կատարել նաև հոկտեմբերի 10-ին, 14-ին ու 22-ին: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չի մանրամասնում մատակարարումների անվանացանկը. ԶԼՄ-ները հայտնել են միայն «Javelin» հակատանկային համալիրների նոր խմբաքանակի, շարժական հոսպիտալների, դիտարկման միջոցների ու զինամթերքի մասին: