Տեխնոպարկը փաստացի այն եզակի մեխանիզմներից է, որն օգտագործելով կարող ենք ապագայում նորմալ ծավալով արտահանում ապահովել Արցախից, որովհետև լավագույն տարբերակն այն է, երբ ապրանքը վիրտուալ է` կախված չէ սահմաններից, հեռավորությունից, շրջափակումից։ Խոսելով Արցախի Մարտունու շրջանում Տեխնոպարկ հիմնելու նախագծի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՏՏ ոլորտի մասնագետ, «Ես» կրթական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը։
«Տեխնոպարկը ստեղծվում է Արցախի Մարտունու շրջանում` ընդգրկելով աշակերտներ մի քանի գյուղերից։ Նախագծի նպատակը նրանց ժամանակակից տեխնոլոգիական կրթություն տալն է, որը հետագայում հիմք կհանդիսանա, որպեսզի տեղում լինեն մրցունակ աշխատողներ` նորմալ վարձատրությամբ։ Թեև բոլոր ոլորտներում կան տնտեսական խնդիրներ, ներդրումների հետ կապված դժվարություններ, այդուհանդերձ ՏՏ ոլորտը տարբերվում է նրանով, որ ներդրումների ծավալը համեմատաբար ավելի քիչ է, եթե կան որակյալ մասնագետներ»,– նշեց ՏՏ ոլորտի մասնագետը։
Ավանեսյանի խոսքով` Տեխնոպարկի հիմնադրման առաջնահերթ նպատակը համաշխարհային շուկայի համար որակյալ կադրեր պատրաստելն է, հետևաբար դրա համար համապատասխան միջոցներ հայթայթելու իմաստը հենց այդ նպատակն իրագործելն է։ Ըստ նրա` բյուջեի ամենամեծ հատվածն ուղղված է բարձրակարգ տեխնիկա, համարժեք տեխնոլոգիաներ հայթայթելուն և աշակերտների շարժն ապահովելուն։ Կրթական ծրագիրը բաղկացած է երեք փուլից, առաջինի ընթացքում շարժական լաբորատորիա կազմած մասնագետները շրջում են համայնքներում ու տալիս նախնական գիտելիքներ, երկրորդ փուլում շահառուներին առաջարկվում է 14 մասնագիտացում, երրորդի արդյունքում շուկային առաջարկվում են պատրաստի մասնագետներ։
«Մենք նախագիծն իրականացնողն ենք, մինչև ֆոնդի հիմնադրումը կատարել ենք երկամյա աշխատանքներ Ստեփանակերտում, որտեղ գործընկերների հետ համատեղ ջանքերով հիմնադրվել է ՏՏ կենտրոն։ Արցախի կառավարությունն, ի դեմս կրթության նախարարության, հոգալու է ընթացիկ ծախսերի մեծ մասը` կատարելով մոտ 14 միլիոն դրամի ներդրում, որը կծախսվի Տեխնոպարկի կառուցման համար։ Հետագայում այդ գումարը կրկնապատկվելու է։ Հիմա ակտիվ բանակցություններ ենք վարում հատկապես Հայաստանի, Արցախի, արտերկրի ՏՏ ոլորտի մասնագիտացված կազմակերպությունների հետ` պրոֆեսիոնալ թիմի աջակցությամբ ներգրավելով համապատասխան ռուսուրսներ»,– ասաց «Ես» կրթական հիմնադրամի հիմնադիր տնօրենը։
Ավանեսյանի փոխանցմամբ` հանձնառություններ արդեն իսկ կան որոշ չափով թե՛ առանձին ընկերությունների դեպքում գումարի ճշգրտման, թե՛ փոխանցման մեթոդի առումով։ Հիմա քննարկվում են վերջին տեխնիկական հարցերը, ընդ որում` գումարի հավաքման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է։ Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Արցախի կառավարությունը ՏՏ ոլորտի նոր ստեղծվող ձեռնարկությունների և նրանց մասնաճյուղերի համար սահմանել է հարկային արտոնություններ։
Մասնագետի դիտարկմամբ`Արցախի շրջաններում ինչ–որ բան փոխելու համար տեղում պետք են նախաձեռնող մարդիկ, որովհետև որքան էլ փորձ արվի Երևանից կամ X կետից այնտեղ փոփոխություն անել, չի ստացվի։ Ըստ նրա` հենց այդ մտայնությունն էլ հիմք հանդիսացավ Մարտունու շրջան մեկնելու համար, որտեղ շատ են տաղանդավոր երեխաները, եթե հաշվի առնենք վիճակագրությունն ու նրանց հմտությունները, ցույց տված արդյունքները։ Խնդիրը պարզապես ֆունդամենտալ կրթություն ստանալու մեջ է, այսինքն` շատ կարևոր է բնագիտական առարկաների բազան, ուստի փորձ է արվում կա՛մ դպրոցների ուժերով մակարդակն ապահովել, կա՛մ բացը լրացնել մասնագետների աջակցությամբ։
Ավանեսյանի տեղեկացմամբ` երկու տարի առաջ աշխատանքները մեկնարկել են փոքր ծավալից, բայց այժմ ծրագիրն իրականացվում է չորս գյուղում, որտեղ գրանցվել է ավելի քան 90 տոկոսի մասնակցություն, և նոր համայնքների ներգրավվման հետ ցուցանիշներն աճում են։ Սեփական ռուսուրսների հաշվին `ներկայումս կա 80 շահառու և 20 դիմորդ։