Սարգսյանը կրկին կալանավորվել է. պատգամավորն ու պաշտպանը ծանուցված չեն եղել նիստի մասին

Որոշումը ստանալուց հետո պաշտպանական կողմն անմիջապես պատրաստվում է բողոքարկել այն Վճռաբեկ դատարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը` Արմեն Դանիելյանի նախագահությամբ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

«Նման որոշում է կայացվել, սակայն մենք անգամ ծանուցված չենք եղել տեղի և ժամի մասին։ Ո՛չ ես, ո՛չ էլ իմ պաշտպանյալը։ Ի սկզբանե դատավոր Տիգրան Սիմոնյանի աշխատակազմից մեզ հետ կապ էին հաստատել և ասել, որ բողոքը գտնվում է իրենց վարույթում, սակայն ինչ–ինչ հանգամանքներում գործը հետագայում հայտնվել է դատավոր Արմեն Դանիելյանի մոտ»,– նշեց պաշտպանը։

Նա ընդգծեց, որ նիստը կարծես թե բավականին հրատապ է նշանակվել ու անցկացվել, միևնույն ժամանակ այն կայացել է առանց իրենց ծանուցելու։ Խաչատրյանը շեշտեց` ստացվում է, որ որևէ կարծիք ու դիրքորոշում հայտնելու հնարավորություն ստեղծված չի եղել իր և պաշտպանյալ Արթուր Սարգսյանի համար։ Բեկանվել է առաջին ատյանի` 20 մլն դրամի դիմաց ազատ արձակելու որոշումը։
Որոշումը ստանալուց հետո անմիջապես պատրաստվում են այն բողոքարկել Վճռաբեկ դատարանում։
Խաչատրյանի խոսքով` դատավոր Արմեն Դանիելյանը խախտել է քրեական օրենսդրության բոլոր սկզբունքները, այդ թվում` արդար դատաքննության, մրցակցության և այլն։
Պատրաստվում են նաև վստահորդի և այլ փաստաբանների հետ քննարկումներից հետո հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու վերաբերյալ։
Առուշ Առուշանյանի կողմից գրավ դրված 2 մլն դրամը կփոխանցվի պետբյուջե
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատ էր ստացել «Հայաստան» դաշինքի ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցության արդյունքում։ Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։
Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։
Սարգսյանը նախկինում Սիսիան համայնքի ղեկավարն էր, նա հոկտեմբերին 20 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Հոկտեմբերի 26-ին առաջին անգամ մասնակցել էր Ազգային ժողովի նիստին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները նրան հոտնկայս ու ծափահարություններով էին դիմավորել։