ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության խորհրդի նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին տեղեկացնում է դաշինքի լրատվականը։
«Քննարկվել են սահմանային իրավիճակը, իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքը ստեղծված իրավիճակին և «Հայաստան» խմբակցության առաջիկա անելիքները», - ասված է գրառման մեջ։
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել էին ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ, օրակարգում ստեղծված իրավիճակի քննարկումն էր։ ԱԺ խորհուրդը, սակայն, նիստ չհրավիրեց։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 14–ին ՊՆ–ն հայտնել էր` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Արդեն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։
Արդեն այսօր Անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել մարտական 4 հենակետից։