ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Նախօրեին Սյունիքում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նշվում է, որ նոյեմբերի 14-ին` ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ առանց թույլտվության մոտեցել են Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանին հարող ՀՀ պետական սահմանին, առաջացել ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ, մոտեցել ՀՀ ԶՈւ 4 մարտական դիրքերին, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈւ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացրել։
Այդ դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական սահմանն ապօրինի հատելը մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով) և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով (տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները)։
Քրեական գործի շրջանակներում հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա է դառնալու նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները:
Հիշեցնենք` երեկ ՊՆ–ն նախ հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ժամը 13։00-ի սահմանում ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Ցերեկային ժամերին իրադրությունը շարունակում էր լարված մնալ։ Սակայն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ իրադրության հանգուցալուծման նպատակով։
Միաժամանակ ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը։
Այսօր, արդեն, ՀՀ ԱԽ–ն նիստ անցկացրեց` հաստատելով, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ են ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, բանակցությունների արդյունքում նրանք դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն էլ դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից։