ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Երևանում հերթական սպանությունն է գրանցվել: Shamshyan.com–ը հայտնում է, որ այսօր` ժամը 09:00-ի սահմանում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինն ահազանգ է ստացել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները դիակը հայտնաբերել են նշված տան հյուրասենյակում, անկողնում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին բռնության հետքեր կան:
Իրավապահները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Տիգրան Կ.-ն է:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են մահացածի հետ տանը եղած ենթադրյալ անձանց ինքնությունը:
Պարեկները դեպքի վայրից 2 տղամարդու են ուղեկցել ոստիկանություն, որտեղ պարզվում է նրանց ինքնությունն ու նշված դեպքի հետ առնչությունը։
Հիշեցնենք` ընդամենը մի քանի օր առաջ` նոյեմբերի 11-ին, աղմկահարույց դեպք էր գրանցվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ 16-րդ փողոցի տներից մեկի բակում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով 4 մարդ էր սպանվել, այդ թվում` ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանն ու քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող Քանաքեռցի Տույը (Արթուր Ղազարյան)։