ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը այցելել է նոյեմբերի 13-ին Շուշի տանող ճանապարհին տեղակայված ադրբեջանական անցակետի ուղղությամբ պայթուցիկ նետած Նորայր Միրզոյանին։ Այցի մասին Ստեփանյանը մանրամասներ է գրել Facebook-ում։
«Առավոտյան այցելել եմ Նորայր Միրզոյանին, ով կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ: Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Այնուհետև հանդիպել եմ նաև Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է», - գրել է ՄԻՊ-ը։
Նրա խոսքով՝ Միրզոյանի հարազատները խնդրել են բոլորին դադարեցնել Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, նշելով, որ դրանով միայն վնասում են Նորայրին։ Ստեփանյանը շեշտել է, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար։
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան Շուշի տանող ճանապարհին տեղակայված ադրբեջանական անցակետի վրա պայթուցիկ էր նետվել, 1 (այլ տվյալներով՝ 3) ադրբեջանցի վիրավորում էր ստացել։ Ռուս խաղաղապահները բռնել էին պայթուցիկ նետած անձին, որը Արցախի քաղաքացի էր։ Նրան հարցաքննելուց հետո ռուսները փոխանցել էին արցախցուն Ստեփանակերտին։
Հայկական Telegram ալիքները տեղեկություններ էին տարածում, որ պայթուցիկ նետողը եղել է օրեր առաջ Շուշիում ադրբեջանցի զինվորականի կողմից սպանված 22-ամյա Մարտիկ Երեմյանի եղբայրը։ Սակայն Sputnik Արմենիայի տեղեկություններ համաձայն՝ դա իրականությանը չի համապատասխանում։
Բացի այդ խոսակցություններ կային, որ Նորայր Միրզոյանը աշխատում է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում։ Արցախի ԱԱԾ–ն էլ հայտնել էր, որ Շուշիի անցակետի մոտ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան։