Կողմերից միայն մեկի բարի կամքի դրսևորմամբ անհնար է հասնել խաղաղության. Միրզոյան

Նախարարի խոսքով՝ դժվար է տարածաշրջանում պատկերացնել տևական խաղաղության հաստատում՝ Բաքվում «Ռազմավարի պուրակի» գոյության, հայ ռազմագերիների բանտարկման, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի շարունակական ներթափանցման և ներկայության պայմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը, անդրադարձել է Արցախին և Ադրբեջանի գործողություններին, տեղեկացնում են արտգործնախարարությունից։
Նա նշել է, որ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և հրադադարին, իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն։
«Պաշտոնական Բաքվի բոլոր հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված։ Ուժի կիրառումը մի ժողովրդի դեմ, որ ձգտում է իրացնել իր հիմնարար իրավունքները, ներառյալ՝ ազատ և անվտանգ կյանքի իրավունքը և ինքնորոշման իրավունքը, չի կարող հակամարտության լուծման միջոց լինել», - ասել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է Հարավային Կովկասում հասնել երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը, սակայն կողմերից միայն մեկի բարի կամքի դրսևորմամբ անհնար է հասնել խաղաղության:
«Դժվար է տարածաշրջանում պատկերացնել տևական խաղաղության հաստատում՝ Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակի» գոյության, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող շարունակական ատելության խոսքի և հայատյացության, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շարունակական բանտարկման, բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի շարունակական ներթափանցման և ներկայության պայմաններում, որի վերջին փորձը տեղի ունեցավ նախօրեին», - ասել է Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նա շեշտել է, որ երկու կողմերին ուղղված անհասցե կոչերն այն պարագայում, երբ Հայաստանը վստահելի քայլեր է անում խաղաղության հաստատման ուղղությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իրավիճակի էսկալիացիան, կարող է ընկալվել որպես միջազգային գործընկերների կողմից անտարբերություն և հանձնառության բացակայություն:
ՀՀ ԱԳ ղեկավարը կոչ է արել բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմամբ, անվերապահ և լիակատար աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացին։