ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Սուրեն Պապիկյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից։
Արմեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար է նշանակել Պապիկյանին։
Հիշեցնենք` Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել 2021թ. օգոստոսի 2-ին։
Նշենք, որ մասնագիտությամբ պատմաբան 35-ամյա Սուրեն Պապիկյանը ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայել։ Նա 2010-2016 թթ. ուսմանը զուգահեռ պատմության ուսուցիչ է աշխատել Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, իսկ 2011-2018 թթ. դասավանդել է «Քվանտ» վարժարանում։
2017-2018 թթ. Պապիկյանն աշխատել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում որպես փորձագետ, իսկ 2018-2019 թթ.-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար է եղել։
2019-2021 թթ.-ին էլ զբաղեցրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Այս տարվա օգոստոսի 2-ին նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2011 թ. պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով, իսկ 2016 թ.–ին` ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով: Նա 2018 թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: