ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի որոշ համայնքներում նոյեմբերի 14–ին կայացած ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են խաղաղ և հանգիստ պայմաններում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը` հավելելով, որ ընտրատեղամասերում ամեն ինչ պատրաստ է եղել, որպեսզի ընտրողներին սպասարկեն։
«Ընտրողների ակտիվությունը տարբեր է եղել` եղել են համայնքներ, որտեղ բավական մեծ շարժ է եղել, սակայն եղել են նաև համայնքներ, որտեղ պասիվ են եղել։ Ըստ էության, համամասնական ընտրակարգի ընդլայնումը նոր իրականություն է, քանի որ մինչ այս Երևանում, Գյումրիում և Վանաձորում են կայացել են այս ընտրակարգով ընտրություններ։ Կարծում եմ` որոշակի ժամանակ անց կարելի է վերլուծություններ անել ընտրակարգի լավ և վատ կողմերի վերաբերյալ»,–ասաց Սմբատյանը։
Հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Կապանի ընտրությունները, քանի որ բոլորի ուշադրության կենտրոնում էր այն` Սմբատյանը պատասխանեց, որ որակական առումով մյուսներից այն չի տարբերվել, սակայն մասնակցությունը բավականին բարձր է եղել։
Սմբատյանը հայտվեց, որ ԿԸՀ-ն դեռևս որևէ բողոք չի ստացել. այսօր մինչև 18։00 և վաղն առավոտյան 9։00-11։00-ն վերահաշվարկի և տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների ժամանակահատվածն է։ Տարածքային ընտրական հանձնաժողովները պետք է նաև գրանցամատյաններն ուսումնասիրեն և ամփոփեն ընտրությունները։
Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան և Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքներում։ Կոտայքի մարզի Լորմոնտովո համայնքում անցկացվել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ, Արզնի համայնքում` ավագանու անդամի ընտրություններ։
Սյունիքի Կապան խոշորացված համայնքի ընտրություններում, ԿԸՀ հրապարակած վերջին արդյունքների համաձայն, ջախջախիչ հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի ղեկավարած քաղաքական ուժը։
Իջևանում ընտրողների մեծ մասը` 12 383-ից 10 003–ը, քվեարկել են «Քաղաքացիական պայմանագրի օգտին, որի ցուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Արթուր Ճաղարյանը։ Ստեփանավանում ևս հաղթել է ՔՊ–ն` 4004 ձայնով։