ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 14–ի դրությամբ` Հայաստանում 1 միլիոն 4 493 պատվաստում է կատարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` պատվաստանյութերի առաջին դեղաչափը ստացել է 682 188 մարդ, երկրորդ դեղաչափը` 322 305:
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։
Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։
2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։