Հայ շախմատիստները կրկին հաղթել են. կանանց թիմը ԵԱ-ի առաջատարների խմբում է

Աննա Սարգսյան
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Լեւոն Արոնյանը հանդես չի գալիս տղամարդկանց հավաքականի կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Լեհաստանին 3։1 հաշվով հաղթելուց հետո Հայաստանի կանանց հավաքականն առաջատարների եռյակում է։
Հատկանշական է, որ հաղթական միավորներ են բերել սեւերով խաղացած Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Երեք տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը 6 միավոր ունի, նույնքան միավոր ունեն նաև Վրաստանն ու Ռուսաստանը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականն էլ Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում 2,5։1,5 հաշվով հաղթել է Իսրայելի ընտրանուն։ Գաբրիել Սարգսյանը հաղթել է իսրայելցի մրցակցին, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ–ոքի են ավարտել պարտիաները։ Հայաստանի հավաքականը վաստակած 5 միավորով 6-րդն է մրցաշարում։
Հիշեցնենք, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ տղամարդկանց հավաքականի կազմում հանդես չի գալիս Լևոն Արոնյանը: Թիմը գլխավորում Է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։
Եվրոպայի թիմային առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 12-ին և կավարտվի ամսի 21-ին։