Երուսաղեմի հայոց պատրիարքարանի 17 անդամ պահանջում են չեղարկել կալվածքի վարձակալությունը

Երուսաղեմ
ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանի 17 ներկայացուցչի ստորագրած գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ «Կովերի պարտեզ» կալվածքում հյուրանոց կառուցելու վերաբերյալ որևէ համաձայնագիր չի քննարկվել և չի վավերացվել միաբանության ժողովների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի 17 ներկայացուցիչ Պատրիարք Սրբազան հորն առաջարկում են չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը։
Նշենք, որ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ են ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին, որտեղ գործարարը նախատեսում է հյուրանոց կառուցել։
Մութ գործարք. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հողերում Իսրայելը հաստատվելու փորձեր է անում
Sputnik Արմենիային տրամադրած ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանի 17 ներկայացուցչի ստորագրած գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ «Կովերի պարտեզ» կալվածքում հյուրանոց կառուցելու վերաբերյալ որևէ համաձայնագիր չի քննարկվել և չի վավերացվել միաբանության ժողովների ժամանակ։
Նրանք պահանջում են նաև, որպեսզի պաշտոնից հեռացվի Տ. պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը, ով ամեն կերպ խոչընդոտում է գործարքի չեղյալ հայտարարելուն։

«Նշվել է, որ հյուրանոց կառուցելու ծրագրի մասին 12 տարի խոսվել է տնօրենների ժողովներում։ Այս առնչությամբ նախ ցանկանում ենք ասել` նախորդ 12 տարվա ընթացքում եղել ենք տնօրենների ժողովի անդամներ և փաստում ենք, որ հյուրանոց կառուցելու մասին երբեք որևէ առաջարկ չի արվել ժողովների ժամանակ»,– նշում են պատրիարքարանի ներկայացուցիչները։

Նրանք ընդգծում են, որ համաձայնագիրն ուսումնասիրելուց հետո հարցը պետք է քննարկվեր տնօրենների ժողովի ժամանակ, ինչից հետո այն պետք է դրվեր քվեարկության։ Մեծամասնության քվեն ստանալուց հետո միայն համաձայնագիրը կհամարվեր վավերացված։
Պատրիարքարանի ներկայացուցիչները կարևորել են նաև, որ համաձայնագրի ստորագրմամբ խախտվում է տասնամյակներ շարունակ պատրիարքության կողմից որդեգրված մի սկզբունք` որևէ կալվածք վարձակալության հանձնելու դեպքում նվազագույնը 3 առաջարկություն ընդունել և դրանցից առանձնացնել ամենահարմարը`ստորագրության համար։
«Նախկինում նաև նշվել է, որ համաձայնագիրը ստորագրվել է «պատրիարքական հեղինակությամբ»։ Այս բառակապակցությունը նոր և շինծու արտահայտություն է, որ առաջին անգամ է դրվում շրջանառության մեջ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կանոնադրությունը հստակ սահմանում է, որ «Սրբոց Հակոբյանց միաբանության վարչությունը հանձնել է Երուսաղեմի պատրիարքին, որը գործում է համաձայն կանոնադրության»»,– նշում են ներկայացուցիչները։
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
Շեշտում են, որ Սուրբ աթոռի կալվածքների կալվածատերը միաբանությունն է, իսկ վարձակալը գործ ունի պատրիարքարանի հետ։ Հետևաբար միայն պատրիարքի ստորագրությամբ որևէ կալվածք վարձակալության չի կարող տրվել։
Տարածքը պատրիարքարանի, վարժարանի և դպրոցի հետ միասին մի ամբողջություն է, և այդ տարածքի վերահսկողության կորուստը խոցելի կդարձնի Սուրբ աթոռի գործունեությունը։
Հիշեցնենք, որ Գերագույն հոգևոր խորհուրդը նույնպես քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Երուսաղեմի Հայոց պատրիարքին նամակ էր ուղղել ու հորդորել, որպեսզի Սրբոց Հակոբյանց միաբանության ներքին համերաշխությունը վերականգնվի։