ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Արևելյան ուղղությամբ, որտեղից ադրբեջանական կողմը ներխուժել էր ՀՀ տարածք, որևէ բան այս պահին չի կատարվում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ներկայացնելով, թե այս պահին ինչ իրավիճակ է տիրում հայ–ադրբեջանական սահմանին։
Փաշինյանն այսօր ԱԽ նիստ էր հրավիրել և հայտարարել` ադրբեջանական զորքերը արևելյան կողմից երեկ ներխուժել են ՀՀ տարածք։ Նա նաև ասել էր, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել է աշխատանքից, և այդ որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում:
«Ադրբեջանական զորախումբը, որն առաջ էր եկել, արդեն հետ է քաշվել։ Իսկ 4 հենակետեր կան, որոնք որևէ մեկի կողմից չեն վերահսկվում. այդ հենակետերը դիրքերի փոփոխության արդյունքում ուղղակի դատարկ են։ Հայկական զորքը չի նահանջել. այդտեղ մի քանի հենակետ է եղել, որոնք այս պահին ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմից չեն վերահսկվում»,–ասաց Սիմոնյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե մեր զինվորները փաստորեն դուրս են եկել այդ դիրքերից, Սիմոնյանն արձագանքեց. «Այո, այդ 4 դիրքերից մեր զինվորները դուրս են եկել»։ Նա հավելեց, որ այդ լանդշաֆտն օգտագործելը ձեռնտու չէ Ադրբեջանին։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ դա հայկական տարածք է, և սահմանազատման աշխատանքների ժամանակ կապացուցեն դա։ Սիմոնյանը վստահ է, որ սահմանազատման ժամանակ Ադրբեջանը հետ է գնալու, քանի որ հակառակ դեպքում մենք նույնպես կարող ենք որոշ տեղերում հետ չգնալ։
Հիշեցնենք` երեկ ՊՆ–ն նախ հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ժամը 13։00-ի սահմանում ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Ցերեկային ժամերին իրադրությունը շարունակում էր լարված մնալ։ Սակայն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Միաժամանակ ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը։