ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնա (Աղդամ) քաղաքի տարածքում ականի վրա ադրբեջանցի է պայթել։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։
Մահացած ադրբեջանցու անունը Զաուր Ագաև էր։ Համաձայն կայքի՝ ադրբեջանցին Աղդամի տարածքում անասուններ էր արածեցնում։ Որոշ Telegram ալիքներ, սակայն, նշում են, որ մահացածը զինվորական էր։
Նշենք, որ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում։ Առաջին դեպքը տեղի էր ունեցել 2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում, երբ ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։
Ապա մահեր և անդամահատումներ են գրանցվել Ֆիզուլիում, Կուբաթլուում, Թալիշում, Ջրականում։ Ամենախոշոր դեպքերից մեկը այս տարվա փետրվարի 3-ին էր, երբ երեք ադրբեջանցիներ պայթել էին ականի վրա Ֆիզուլիում (Վարանդա)։
Վերջին դեպքերից կարելի է նշել սեպտեմբերի 22-ին գյուղերից մեկում (չի նշվել անունը) տեղի ունեցած պայթյունը, որից մահացել էր Ադրբեջանի քաղաքացի Մամեդ Մարդանովը:
Նոյեմբերի 7-ին Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ականի վրա պայթել էր Խանլար Ասլանովը։
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։